Posted in Անհատական պլան

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա — հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]:

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին[7]:

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»[9]:

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը[11]։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը[12][13]։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա[14]։ Նույն տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը.լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին[15]։Կոմիտասի դերը մեծ է հայ ժողովրդի կյանքում: Նա հայ երգի Մեսրոպ Մաշտցն է,քանի որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց տառերը,իսկ Կոմիտասը ստեղծել է հայոց երգերը: Նա նոր շունչ է տվել երգերին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s