Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։
Էրեբունին Ք. ա. 782 թ. հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն (մոտ 785-753 թթ.)` Արաքս գետի հովտին նայող Արին-բերդ բլրին` իբրև թագավորության հյուսիսային սահմանների ռազմաստրատեգիական կենտրոն և թագա¬վորանիստ։ Գրավելով ներկայիս Երևանից դեպի հյուսիս և Սևանա լճից արևմուտք ընկած տարածքները (ուր այժմ Աբովյան քաղաքն է)` Արգիշտին կառուցում է Էրեբունի քաղաքը` շինարարական աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ գերիների` թե կանանց և թե տղամարդկանց։
1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.
«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
Եվս երկու նմանատիպ սեպագրեր հայտնաբերվել են քաղաքի միջնաբերդում։ Ուրարտական պետության մայրա¬քաղաք Տուշպայում (այժմ` Վան) թողած մեկ այլ արձանա¬գրություն վկայում է, որ Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից իր նոր քաղաք Էրեբունիում 6600 գերիներ է վերաբնակեցրել։
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։
Այնուհետև այս տարածքը հայտնվեց Աքեմենյանների տիրապետության ներքո։ Էրեբունին, իհարկե, չկորցրեց իր կարևոր ռազմաստրատեգիական դերն ու նշանակությունը` վերածվելով Հայկական լեռնաշխարհում կազմավորված 18-րդ սատրապության վարչական կենտրոնի։
Չնայած օտարազգի նվաճողների բազմաթիվ արշավանք-ներին` քաղաքը երբեք ամբողջովին չամայացավ և հետագա դարերում շարունակաբար վերաբնակեցվելով` հարատևեց մինչ օրս` այսօր արդեն աշխարհին ներկայանալով որպես քաղաքամայր Երևան։ 2018-ին կտոնվի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
Վանի թագավորության պետական կրոնը
Ուրարտական կրոնական համակարգի վրա ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը: Իշպուինի թագավորը ստեղծեց միասնական դիցարան և տեղական սեպագրը:
Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:
Սեպագիր արձանագրություններում տեղեկությունները քիչ են: Այնտեղ գրված են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին և թվարկվում են զոհաբերությունները: Առասպելները, աղոթքները գրեթե հայտնի չեն:
«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են Վանի թագավորության աստվածները` իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր և այլն)։
Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդի Աստծու կինը գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, բայց երբեմն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:
Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է»: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը նվիրում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ: